26/02/2014 20:29
Ս. Հացպանյան. Թուրքիայի վարչապետի կոռուպցիոն սկանդալը ուղղորդված է ԱՄՆ-ից
2013 դեկտեմբերի 17-ին Թուքրիայում աննախադեպ բան եղավ, երբ երկրի գործով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու և 18 մարդու դեմ քրեական գործ հարուցվեց՝ ահռելի մեծ գումարի յուրացման մեղադրանքով, ես երբևէ նման բան չէի լսել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
Նրա խոսքով՝ համացանցում տեղադրվել է նաև այդ օրը Թուրքիայի վարչապետի և նրա որդու միջև հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որը հետո տեղադրել են մի շարք միջազգային լրատվամիջոցներ:
«Զանգը կատարվել է Անկարայից Ստամբուլ, որը դնելուց մի ժամ անց Թուրքիայում հանվեց, սակայն այլ միջազգային լրատվամիջոցներ այն դրեցին իրենց մոտ: Սրանից երևում է, որ սա Թուրքիայից արված բան չէ, այլ ԱՄՆ-ից Թուրքիայի վարչապետին վերջին հարված տալուն ուղղված քայլ»,-ասաց նա: Վերլուծաբանի խոսքով՝ թեև որոշ մարդիկ ասում են, որ դա մոնտաժի արդյունք է, սակայն բոլոր մասնագետները արդեն հավաստիացրել են, որ այն մոնտաժ չէ, անգամ Էրդողանի կնոջ ձայնն է լսվում ձայնագրության մեջ:
«Էրդողանը զանգում, ասում է՝ այն, ինչ կա քեզ մոտ, պետք է վերացվի: Տղան չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, վարչապետը ասում է, երևի գլխի չես ընկնում, ինչ եմ ասում, փեսայիդ ասա, կասի, պետք է քո մոտ եղածը տաս սրան, նրան: Ասում է՝ քույրդ քեզ չի՞ զանգել, նա գալիս է քեզ մոտ: Տղան հարցնում է՝ երեկ հեռուստատեսությամբ ցույց տվեցին, որ բռնել են, վարչապետն էլ ասում է՝ այո, նրա մոտ էլ ունեն այդ բանից:
Կոշիկի արկղերում անհաշվելի գումար է եղել, որը բաժանվել է նախարարների, նախարարների քույրերին և մյուսներին:
Վարչապետը ասում է՝ այն մարդու մոտ եղած բանն էլ պետք է վերացնենք, տղան ասում է պապա, դա 30 մլն եվրո է, ո՞նց վերացնենք, վարչապետը ասում է՝ չգիտեմ, պետք է անպայման դա անել, վտանգավոր է»,-ասաց նա:
Ս. Հացպանյանի խոսքով՝ իրեն թվում է, որ սա սկիզբն է բացահայտումների և այլ կոմպրոմատներ ևս ունեն՝ ավելի լուրջ, որոնք պետք է շուտով հրապարակվեն:
«Վարչապետը այս գործով մասնակից անձանց՝ քննիչներին, դատախազներին, բոլորին գործից հանել է, քանի որ վախենում է»,- ասաց նա:
Ս. Հացպանյանի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետը ամեն առումով տարբեր են:
«Գյուլը ավելի մեղմ, կոնֆլիկտային բոլոր վիճակներից հրաժարվող մարդ է: Արտաքին գործերի նախարար աշխատելու ժամանակ նա բոլոր երկրների հետ հարցեր լուծող մարդն էր, որի շնորհիվ հարթվեց արտաքին աշխարհի հետ Թուրքիայի ունեցած պրոբլեմը: Նույնիսկ Հայաստանի հարցում նա որոշակիորեն մեղմեց իրավիճակը: Ուստի այստեղ երևում է , որ վարչապետի դեմ իրականացվողը արվում է Գյուլին ուժեղացնելու համար»,- ասաց նա:
Ս. Հացպանյանը նաև նշեց, որ Թուրքիան ասես ԱՄՆ-ի մի շրջանը լինի, քանի որ վերջինիս ազդեցությունը երկրում շատ մեծ է: