26/02/2014 22:32
Արդարդատության նախարարությունը` «Որոտան» ՀԷԿ-ի գույքի վաճառքի մասին
Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե մամուլում փետրվարի 26-ին՝ հոդված է տպագրվել` «Որոտանի ՀԷԿ-ի ոդիսականը» վերնագրով, որում, ըստ նախարարության, առանց փաստերի մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրության մեկնաբանվել է, թե, իբր, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, դեռ փետրվարի 5-ին, ԱԺ-ում հայտարարելով, թե Որոտանի ՀԷԿ-ը վաճառել է ոչ թե իր ողջ գույքը, այլ դրա մի մասը, «մեղմ ասած ստել է»:
«Թերթը նշել է, թե իրենց «տրամադրության տակ է հայտնվել Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը», ըստ որի ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ն ձեռք է բերել օգտագործվող սեփականության իրավունքով վաճառողին պատկանող ամբողջ գույքը»: Իրականում, նույն այդ պայմանագրում հստակ նշված է, որ ամերիկյան ընկերությունը գնել է Որոտանի երեք՝ Սպանդարյանի Հիդրոէլեկտրակայան (այսուհետ`«ՀԷԿ»)` 76 մվտ հզորությամբ, 2 էներգաբլոկ, կառուցված 1989 թ., Շամբի ՀԷԿ` 171 մվտ հզորությամբ, 2 էներգաբլոկ, կառուցված 1979 թ., և Տաթևի ՀԷԿ` 157 մվտ հզորությամբ, 3 էներգաբլոկ, կառուցված 1970 թ.: Այսինքն՝ ընկերությունը չի գնել չորրորդ՝ Հերհերի ՀԷԿ-ը:
Ի դեպ «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ դեռ անցյալ տարի նոյեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշմանն անդրադարձել են մի շարք լրատվամիջոցներ, որոնց հրապարակումներում ևս հստակ նշված է, որ ամերիկյան ընկերությունը «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության չորս ՀԷԿ-ից միայն երեքն է գնել: Վերը նշվածով փաստերը հաստատում են, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատգամավորներին լիովին ճիշտ տեղեկություն է տրամադրել: Իսկ թերթը ապատեղեկատվություն է տարածել: Հոդվածագրին և օրաթերթի պատասխանատուներին նախ խորհուրդ ենք տալիս ամբողջությամբ և ուշադիր ընթերցել պայմանագիրը, սխալն ուղղել ճշմարիտ տեղեկություն հրապարակելով, ապա նաև ներողություն խնդրել ապատեղեկատվություն տարածելու համար: Կից ներկայացնում ենք «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը»,- ասված է Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ: