22/04/2013 16:22
Բանդայի գործով ամբաստանյալը կենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության
Բանդիտիզմի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանը ապրիլի 30-ին կենթարկվի դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննության: Համապատասխան փորձագիտական հանձնաժողովը խնդրել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանին՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, փորձաքննությունն անցկացնելու համար ապահովել ամբաստանյալի ներկայությունը: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»:
Այսօրվա դատական նիստում ցուցմունքներ տվեց վկա Զարուհի Հովնանյանը: Նա մեկ տարի տևողությամբ՝ մինչև 2004թ.-ը, եղել է Գուրգեն Հայրապետյանի փաստացի կինը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին են ստեղծել և ղեկավարել կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա, ապա բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց: Գ.Հայրապետյանը՝ փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, որի ընթացքում, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր է ընկել և մահացել:
Վկա Զ.Հովնանյանը հայտնեց, որ դատապարտվելուց և ազատ արձակվելուց հետո Գ.Հայրապետյանը 2010թ.-ին երկու անգամ հանդիպել է իր հետ՝ նախկին հարաբերությունները վերականգնելու նպատակով, սակայն նա մերժել է այդ առաջարկները: Իսկ 2011թ.-ի հունիսին «զոռով» նստեցրել է մեքենան և տարել Պտղնիում վարձակալած տուն և առաջարկել միասին այնտեղ բնակվել, այս առաջարկը, ըստ վկայի, նույնպես մերժվել է:
Նախաքննության ընթացքում, ըստ վկայի, ինքն իմացել է, որ մեքենան վարում էր Դավիթը՝ քննիչի խոսքերից: Դատարանում ոստիկանության երբեմնի կադրերի տեսուչ վկան հայտարարեց, որ չի ճանաչում ամբաստանյալներից և ոչ մեկին:
Վկան իր նախաքննական ցուցմունքներում արած որոշ մտքերի կապակցությամբ «չեմ լսել», «չեմ հիշում», «չեմ կարող ասել» պատասխաններն էր տալիս: Նախաքննության ընթացքում նա հայտնել էր, որ Գուրգեն Գաբրիելյանը հեռախոսային խոսակցության ավարտին ասել է. «Իմ ախպեր ընկերն է, միասին գործեր ենք անում, մնացածը քեզ չի վերաբերվում»: Վկան նախաքննության ընթացքում ասել էր նաև, որ հեռախոսով խոսելիս նույն անձին տարբեր անուններով է դիմել՝ Դավիթ, Արտուշ, Եղո: «Ինչպե՞ս իմացաք, որ նույն անձի հետ էր խոսում» հարցին նույնպես հնչեցին անորոշ պատասխաններ:
Ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը այլ հարցերի թվում հարց ուղղեց նաև վկայի եղբոր Հովսեփ Հովնանյանի դատապարտվելու վերաբերյալ, տպավորությունն այնպիսին էր, որ փաստաբանը կասկածներ ունի, որ վկայի եղբայրը, ում մոտ թմրանյութ էր հայտնաբերվել, դատապարտվել կամ դատապարտվելուց հետո պատիժը կրել է: Դատարանը, սակայն, փորձեց փարատել փաստաբանի կասկածներն՝ ընդգծելով՝ կարող եք չկասկածել «դատական ակտը կայացվել է իմ նախագահությամբ»:
Պաշտպան Արսենյանը դատարանին տրամադրեց 2 ամիս ժամկետով կալանքի դատապարտված ու պատիժը կրելուց հետո Ռուսաստան վերադարձած վկայի եղբոր հասցեն: Դատարանն այդ հասցեով նրան դատարան ներկայանալու ծանուցագիր կուղարկի: