09/04/2014 18:33
Քառյակի հանդիպումն ավարտվեց. «Մոտեցումներում էական տարբերություններ կան»
Չորս ոչ իշխանական ուժերի հանդիպումն ավարտվեց: Այս անգամ այն տևեց 4 ժամ:
«Քառյակի մոտեցումներում էական տարբերություններ կան, հետագա անելիքների մասին դեռ որոշում չկա»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նաև հավելեց, որ հանդիպումը շարունակվելու է, քանի որ «Ժառանգության» անդամները ստիպված են եղել հեռանալ: Նշենք, որ այս րոպեներին Ազատության հրապարակում ընթանում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, որի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հայտարարություն կանի:
Լևոն Զուրաբյանը թեև նշեց, որ վերջնական որոշման մասին դեռևս ոչինչ ասել չի կարող, սակայն հավելեց, որ բանակցություններն անցնում են կառուցողական ու արդյունավետ մթնոլորտում: Նաև հավելեց, որ փորձում են լայնացնել համաձայնության դաշտը:
Նա չբացառեց, որ հետագա քայլը կարող է Նախագահի հրաժարականի պահանջը լինել. «Այս առումով ևս տարբեր մոտեցումներ կան, որը ևս քննարկվում է»:
Լ. Զուրաբյանը նաև անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հարցազրույցին, մասնավորապես` «խաղերի մեջ չմտնելու» հատվածին, Լ.Զուրաբյանն ասաց, որ ոչ մեկի անունից խոսել չի ցանկանում, բայց վստահ է, որ կընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք չեն հուսահատեցնի ժողովրդին.
«Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորներն ու առաջարկները ևս քննարկել ենք: Այո, կան տարբեր դիրքորոշումներ և մենք հիմա փորձում ենք ստեղծել միասնական մարտավարություն: Ես հիշեցնեմ, որ ի սկզբանե չորս ուժերն էլ ունեցել են տարբեր պատկերացումներ ու մոտեցումներ Հայաստանում փոփոխությունների և իշխանափոխության լավագույն մարտավարության վերաբերյալ: Փաստորեն կարողացանք հասնել միասնական մարտավարության` գոնե առաջին քայլերի առումով, դրվեց կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, և դեռ չկայացած շուրջօրյա հանրահավաքի սպառնալիքի ներքո իշխանությունը նահանջեց: Փաստորեն իշխանությունն առաջ ընկնելով կատարեց այն պահանջը, որ ապրիլի 28-ին պետք է ներկայացներ ժողովուրդը: Այնպես որ ստեղծվել է մի նոր իրավիճակ, բայց հետագա անելիքի ու քայլերի շուրջ կան տարրաձայնությւոններ և նորից կանգնած ենք մի իրավիճակի առջև, երբ պետք է տարաձայնությունների միասնականությունն ապահովվի»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը: